Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ Գյումրու զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Վարչապետ Կարապետյանը, կարևորելով առաջարկվող ծրագրի իրականացումը, նշել է, որ Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի, և անհրաժեշտ են հենց այսպիսի՝ բիզնես տրամաբանությամբ մշակված ծրագրեր:
«Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսը ևս ներգրավել այդ գործընթացում, որպեսզի և եկամուտ ստանա, և կարողանա քաղաքը գրավիչ դարձնել»,- ընդգծել է վարչապետը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ տարբեր կազմակերպություններ մեծ աշխատանք են կատարել, առաջիկայում լինելու է ծրագրի շնորհանդես՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է Գյումրիում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած գործարարների մասնակցությամբ հանդիպում, ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: